55 տարվա պատմության ժամանակագրություն (մ.թ.ա. 42 թ.-14 մ.թ.),
քրիստոնեության թվականության ծածկագիրը և Քրիստոսի Ծննդյան դուալիստական Խորհուրդը
Հեղինակից
Ընթերցողին առաջարկվող աշխատությունը գրվել է ութ տարում՝ 1988-ից 2006 թթ.։ Ինչպես հայտնի է, վատահամբավ «կոմունիստական» հուշերով Սովետական երկրում, որտեղ «այնքա՜ն ազատ էր շնչում մարդը», որտեղ Աստված բառը գրվում էր փոքրատառ, իսկ Բրեժնևը՝ մեծատառ, Քրիստոսի Ծննդի ոչ բացառիկություն, ոչ իսկ տվյալներ գոյություն, ասես, չունեին։ «Հին աշխարհի պատմության» (միջն. դպրոցի 5-րդ դասարան) դպրոցական դասագրքում, որով սովորել եմ մասնավորապես ես (1972-1973թթ.) պարզապես ասվում էր (մեջբերում եմ հիշողությամբ).«Մ.թ.ա. առաջին դարում Պաղեստինում Հիսուս Քրիստոսի մասին առասպել հորինվեց։ Իրականում Հիսուս Քրիստոս երբևէ չի եղել»։
Ինձ՝ ոչ հավատացյալի, բայց և ոչ հակակրոնական (եկեղեցի չգնացող, սակայն Զատիկը թխվածքով նշող) խորհրդային ընտանիքում մեծացածիս, ինչպես իմ սերնդակակիցներից շատերին, վիճակվել է քրիստոնեությանն առնչվել ոչ այնքան դպրոցական ծրագրի Դոստոևսկու միջոցով, որքան ուսանողական տարիներին (1978-79 թթ.) Մ.Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» հմուտ վեպի (ի տարբերություն Է. Ռենանի «Հիսուսի կյանքը» խղճուկ գրքույկի)։ Հետագայում՝ համաշխարհային և հայոց պատմության միջոցով։ Ընդ որում, ինքս ինձ ապացուցելը, որ Հերովդեսը մահացել է ոչ թե մ.թ.ա. 4թ., այլ ավելի ուշ, տևեց երկու ամիս։ Բազմադարյան «Պուանկարեի թեորեման» գիտականորեն ապացուցելու և ամբողջ գրքի համար պահանջվեց ութ տարի, հակառակ նախնական պլանի. որքան խորացա, ցախն այնքան շատացավ։ Առաջինը՝ չափազանց շատ էին նյութը խճճել-բեռնել թե հները և թե նոր ու նորագույն հեղինակները, և հարկ եղավ շատ բան վիճարկել ու հերքել։ Երկրորդ՝ գործի ընթացքում անխուսափելիորեն պահանջվեց նորովի շարադրել դարաշրջանի պատմական դեմքերի կենսագրությունը՝ ոչ միայն Հերովդեսի, այլև Անտոնիոսի, Կլեոապատրայի, Օգոստոս կայսեր, Կյուրենիոսի… Երրորդ՝ կարիք զգացվեց ճիշտ վերականգնել տարբեր հեղինակների եղծած Օյկումենայի ժամանակագրությունը։ Ի դեպ, գաղտնիքներից մեկն այն է, որ Հերովդեսը իշխանության է հասել կարծվածից ավելի ուշ. հետազոտությունը պետք է սկսել նրա քաղաքական ուղու սկզբից։ Ճշմարտությունը, էությունն ու աղը մեծ հաշվով ոչ թե Հերովդեսում են, այլ մոլորակի պատմության կենտրոնական իրադարձությունում, որն սկսվում է Քրիստոսի Ծննդյան Խորհրդով, Գողգոթայի Խորհրդով։
Որքան էլ զարմանալի է (չնայած եթե խորհենք, լիովին օրինաչափ է), Հիսուսի թե՛ ծնունդը, թ՛ե երկրային կյանքը չարձանագրվելով ու չպատկերվելով ժամանակակիցներից, մնացել էին հին տարեգիրների տեսադաշտից դուրս։ Ստորև փորձ է արվել միահյուսել, զուգահեռել աղարտված (profana) և ծիսական (sacra) պատմությունները, ծննդյան իրողությունը վերակերտելով ներառել համաշխարհային տարեգրություն, համաձայն ժամանակագիրների տարեգրության սկզբունքների։
Սույն հետազոտության հասցեատերը երրորդ հազարամյակն է մեր կամ նոր էրայի, Քրիստոսի Ծննդից սկսյալ։ Գիրքը, հակադրվելով գովերգված գործնական-նյութական նոր-նորագույն ժամանակների գիտության դառը արդյունքին, միաժամանակ լինելով ժամանակակակից գիտության բոլոր չափանիշներին համապատասխանող, նախատեսված է մասնագետների և թեմայի հանդեպ ոչ անտարբեր ընթերցողների համար։